Փաշինյանը պատասխանել է «եկեղեցու ազատագրման գործընթացում ոմանց՝ ադրբեջանական կամ թուրքական հետք տեսնելու կասկածներին»

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայ Առաքելական Եկեղեցու «երեսպաշտների և փարիսեցիների գերությունից» «ազատագրման» գործընթացում ադրբեջանական կամ թուրքական հետքի առկայության կասկածներին։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։
Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ «ադրբեջանական» կամ «թուրքական» փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց»,- Facebook-ի իր էջում գրել է նա։
Նրա խոսքով, այս մեթոդը օգտագործողները, այդ թվում արտաքին ուժերին հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահել փակուղու մեջ, ինչպես այսօր է։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արեւշատությունը չցանկացող ցանկացած ուժի համար նվեր են մեր եկեղեցու սրբությունները պղծած Կտրիճ Ներսիսյանը եւ նրա նման վեղարավորները։
«Ոմանք հանդես են գալիս Կտրիճ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից։ Ի՞նչն եք պաշտպանում, ու՞մ եք պաշտպանում․ սու՛տը, կեղծի՛քը, պղծությու՛նը․ այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ եւ դուք շանս չունեք»,-գրել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։
«Շատերն ուզում են հիմնավորել, թե ես նոր Կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ։ Կաթողիկոսի նկարագիր ունեմ․ մարդ, ով հավատում է Աստծուն, մարդ ով Հիսուս Քրիստոսի հետեւորդ է եւ ոչ թե խարդախ–վաշխառու, մարդ, ով ծառայում է Եկեղեցուն, բարեպաշտ հոգեւորական է եւ ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եւ մենք ունենալու՛ ենք բարեպաշտ եւ աստվածավախ Կաթողիկոս»,-եզրափակել է նա։