Փաշինյանը ներկայացրել է «Կաթողիկոսի հեռացումից հետո Հայ Առաքելական Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ»-ը
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը։
«Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Կաթողիկոսական տեղապահի ընտրություն պետք է լինի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ»,-գրել է նա։
Այնուհետև նա առաջարկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում, որը պետք է անդրադառնա․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականի բարեվարքության կանոններին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը և դրա ապահովման երաշխիքներին։
«ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած և պետական բյուջե վճարված հարկերը և տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքներին և դրանց ապահովման երաշխիքներին »,-գրել է նա՝ հավելելով, որ այդպիսով հոգևոր ծառայողները կունենան կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան (ներկայումս հոգեւոր ծառայողները հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից, վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով)։
Վարչապետը նշել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ կկայանան համաձայն նոր Կանոնագրքի։
Որպես հետգրություն, Փաշինյանը նշել է, որ Կանոնագիրքը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում, Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։

