Փաշինյանը մասնակցում է Գյումրու «Յոթ վերք» եկեղեցում մատուցվող պատարագին

07.12.2025, 11:23
Փաշինյանը մասնակցում է Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում մատուցվող պատարագին
Փաշինյանը մասնակցում է Գյումրու «Յոթ վերք» եկեղեցում մատուցվող պատարագին

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում մատուցվող պատարագին։

Պատարագն ընթանում է աննախադեպ թվով ուժայինների ներկայության պայմաններում, որոնք վաղ առավոտվանից շրջապատել էին եկեղեցին։ Եկեղեցուն հարակից փողոցներում կենտրոնացած են ոստիկանության ուժեր։ Քաղաքացիներին ընտրովի էին բաց թողնում եկեղեցի՝ ոստիկանական պատնեշների միջով։

Փաշինյանին ուղեկցում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության վարչության անդամներ, պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ։ Այս եկեղեցում պատարագը մատուցում է երևանյան Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը։ Նախօրեին «Յոթ Վերք» եկեղեցու հոգևորականները հայտարարել էին, որ իրենցից ոչ ոք, այդ թվում՝ մոմավաճառը, եկեղեցում ներկա չի լինի։

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել, որի ներքո ստորագրել են 29 հոգևորականներ։ Նրանք հայտնել են իրենց նվիրվածությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գյումրու Յոթ Վերք եկեղեցում թեմի հոգևորականներից որևէ մեկի Պատարագի մատուցման անթույլատրելիության մասին։

«Մենք՝ ներքոստորագրյալներս՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները»,-նշվում է հայտարարության տեքստում։

Հոգևորականներն ընդգծել են, որ եթե, բացի իրենց թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, «դա կնշանակի, որ առաջնորդանիստը բռնազավթված է»։