Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թ.-ի ծրագիրը

17.12.2025, 15:54
Դեկտեմբերի 15-16-ը Փարիզում տեղի են ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները
Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թ.-ի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․   Դեկտեմբերի 15-16-ը Փարիզում տեղի են ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ խորհրդակցություններին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։

Խորհրդակցությունների ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության տնօրինության նորանշանակ ղեկավար Գիյոմ Օլանիեի հետ, որից հետո պատվիրակությունների կազմով քննարկումներ են տեղի ունեցել տնօրինության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էրիկ Պատիեի հետ։

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2025 թվականին իրականացված աշխատանքները, և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը:

Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցությանը ռազմավարական բովանդակություն և ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու կարևորությունը:

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

Որոշում է կայացվել հաջորդ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։