Փարաքարի համայնքապետի և ոստիկանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել 3 հոդվածներով

24.09.2025, 09:00
Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել 3 հոդվածներով
Փարաքարի համայնքապետի և ոստիկանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել 3 հոդվածներով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Մերձավանում տեղի ունեցած կրակոցների, համայնքապետ Վալոդյա Գրիգորյան և ևս մեկ անձի սպանության դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (Սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է: Ինչպես լրագրողներին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, մահացածներից մյուսը ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է, ով ծառայության մեջ չի եղել։ Նա ընկերական հարաբերությունների մեջ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ, այդ պահին միասին են եղել։