Oտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով

19.11.2025, 13:48
Նշված կարգավորումը վերաբերում է ոչ միայն կինոթատրոնային ցուցադրություններին, այլև հեռուստատեսային, առցանց (համացանցային) և նյութական կրիչներով տարածվող ֆիլմերին
Oտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի Արմենիա/․«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով` ապահովելով ավելի լայն լսարանի ներգրավվածություն և հասանելիություն։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նշված կարգավորումը վերաբերում է ոչ միայն կինոթատրոնային ցուցադրություններին, այլև հեռուստատեսային, առցանց (համացանցային) և նյութական կրիչներով տարածվող ֆիլմերին։

«Օտարալեզու ֆիլմերի տարածումն այժմ իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա, որի պարտադիր պայմաններից մեկն է ֆիլմի հայերեն լեզվով տեսանելի և հստակ ենթագրումը», - նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ հաջորդ փուլում նախատեսվում է նաև օտարալեզու ֆիլմերի հայերեն կրկնօրինակման իրականացում:

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համատեղ ջանքերով՝ համագործակցելով օտարերկրյա դիստրիբյուտորական ընկերությունների հետ։