Օգոստոսի 1-ից կարող են չեղարկվել Երևանի հասարակական տրանսպորտի տոմսերի թղթային QR կոդերը. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից սկսած QR կոդերը` ուղետոմսի թղթային տարբերակը, այլևս չպետք է գործի։ Թերհավաքագրման խնդիրներից մեկը դա է, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովվի այս տարվա ամռանը», - երկուշաբթի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Ավինյանը։
Ինչպես նշել է Ավինյանը, անհրաժեշտ կլինի Telcell վճարային ընկերության գործընկերների հետ մշակել այն հարցը, թե որ ամսից է ուժի մեջ մտնելու այս որոշումը։
Միասնական տոմսային համակարգի մասին
Փետրվարի 1-ից Երևանում լիովին գործում է միասնական տոմսային համակարգ, որի համաձայն՝ ավտոբուսներում, տրոլեյբուսներում և մետրոյում այլևս հնարավոր չէ կանխիկ վճարումներ կատարել։ Կան վճարման մի քանի տարբերակներ՝ QR կոդով թղթային տոմսեր (TelCell տերմինալներից), TelCell Wallet բջջային հավելված, բանկային քարտեր և մշտական պլաստիկ ճանապարհորդական քարտեր։
Գործում են հետևյալ սակագնային փաթեթները՝
* 150 դրամ - 1 ուղևորություն
* 280 (300) դրամ - «90 րոպե» փաթեթ / 3 ուղևորություն
* 1500 դրամ - բազմափաթեթ / 10 ուղևորություն 30 օրվա ընթացքում
* 880 (900) դրամ - 1 օրվա / 8 ուղևորության համար
* 4800 (5000) դրամ - 7 օրվա / 30 ուղևորության համար
* 8800 (9000) դրամ - 30 օրվա + ևս մեկ ամիս / անսահմանափակ
* 23600 (24000) դրամ - 90 օրվա + ևս մեկ ամիս / անսահմանափակ
* 88000 (90000) դրամ - 365 օրվա + ևս մեկ ամիս / անսահմանափակ
* 480 (500) դրամ - դեպի Զվարթնոց օդանավակայան / 1 ուղևորություն։
Առաջին թիվը առցանց տոմսերի արժեքն է, իսկ փակագծերում թղթային տարբերակի արժեքն է։ Սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կարողանում են օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ `ավտոբուսներ, մետրոն, տրոլեյբուսներ: