Օձերն ակտիվացել են Հայաստանում. սահնօձեր են հայտնաբերվել ավտոմեքենաներում և իժ` մանկապարտեզում

03.05.2018, 20:16
Գարնան գալու հետ Հայաստանում կրկին ակտիվացել են օձերը։
Օձերն ակտիվացել են Հայաստանում. սահնօձեր են հայտնաբերվել ավտոմեքենաներում և իժ` մանկապարտեզում
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գարնան գալու հետ Հայաստանում կրկին ակտիվացել են օձերը։

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 3-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ «Ին Դրայվ» ավտոտեխսպասարկման կետում կայանած ավտոմեքենայի տակ օձ է նկատվել։

Դեպքի վայր մեկնած փրկարարները թիվ 46/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում կայանած «Mercedes J60» մակնիշի ավտոմեքենայի անվաթևի տակից բռնել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն օրը սահնօձ է հայտնաբերվել նաև քաղաքի Արաբկիր 47-րդ փողոցի թիվ 4 տան մոտակայքում կայանած Toyota Rav4 ավտոմեքենայի մեջ։

Մայիսի 3–ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 26 հասցեում գտնվող թիվ 7 մանկապարտեզի տարածքում իժ է հայտնաբերվել։ Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք: -0-