Նուբարաշենի աղբավայրի հրդեհը պատահական չէր, այլ դիտավորություն, այս դեպքը չի կարող մնալ անպատասխան․ Ավինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական չէր, այլ դիտավորություն, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա տեսաուղերձում։
«Ուզում եմ հստակ արձանագրել՝ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան։ Միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները», – ասել է Ավինյանը։
Նա նշել է, որ աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ հիմա։
«Փրկարար ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի և վարկան շրջանների աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են տեղում», – նշել է Ավինյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ արդեն մշակվել է կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը։
«Եվ այս տարի հայտարարվելու է այդ մրցույթի առաջին փուլը։ Սա է այն համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը», – ասել է Ավինյանը։

