Նոր տոն Հայաստանում. կնշվի Քաղաքացու օրը

21.03.2019, 14:54
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխություններին:
Նոր տոն Հայաստանում. կնշվի Քաղաքացու օրը
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխություններին, որոնցով առաջարկվում է սահմանել նոր տոն` Քաղաքացու օրը։

Ինչպես նիստի ընթացքում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը։ Միաժամանակ, եթե մայիսի 1–ը շաբաթ օր լինի, ապա Քաղաքացու օրը կնշվի ապրիլի նախորդող կիրակի
(որպեսզի չհամընկնի ապրիլի 24–ի հետ` խմբ.):

«Լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրան հետևած թավշյա հեղափոխությամբ»,– ասաց Զեյնալյանը։

Նա նշեց, որ, ելնելով սոցիալ–տնտեսական, իրավական և քաղաքական բազմաթիվ խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունից, հազարավոր քաղաքացիներ օրեր շարունակ բողոքի ակցիաներ և երթեր են անցկացրել` առաջ քաշելով իշխանություններին իրենց պահանջները։

Կառավարության որոշման մեջ ասվում է, որ տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:

Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը:

«Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նշված օրենքում՝ ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում նախորդ 20 տարիների ընթացքում իշխանության ներկայացուցիչների անցած, քաղաքականապես ավարտված ուղու և համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ սահմանելով ՀՀ քաղաքացու օր»,– ասվում է որոշման մեջ։ -0-