Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում մասնակցել է Սուրբ Պատարագի

18.01.2026, 12:54
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում մասնակցել է Սուրբ Պատարագի
Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում մասնակցել է Սուրբ Պատարագի

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում մասնակցել է Սուրբ Պատարագի: Եկեղեցու բակից ԶԼՄ-երը ուղիղ հեռարձակում են իրականացրել:

ՀՀ վարչապետը 2025 թվականի հոկտեմբերից սկսած՝ գրեթե ամեն կիրակի մասնակցում է պատարագների Հայաստանի տարբեր եկեղեցիներում։ Դրանք մատուցում են կամ արդեն կարգալույծ արված քահանաները, կամ Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն հոգևոր դասի հետ հակասություններ ունեցող հոգևորականները:

Բոլոր պատարագների ժամանակ հոգևորականները չեն հիշատակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը (ինչը կարգի խախտում է):

Դեկտեմբերի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ հայ եկեղեցիներում Կաթողիկոսի անվան հիշատակման ժամանակ բողոք արտահայտելը հնարավոր է և թույլատրելի:

Հունվարի 5-ի գիշերը վարչապետը հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման գործընթացի մեկնարկի մասին: Հայտարարության մեջ, որն ստորագրել են Փաշինյանն ու 10 հոգևորականներ, ներկայացված է այդ գործընթացի 5 կետից բաղկացած ճանապարհային քարտեզը՝ բարեփոխումների օրակարգի հռչակում, ՀԱԵ փաստացի ղեկավարի հեռացում, Կաթողիկոսի տեղապահի ընտրություն, ՀԱԵ կանոնադրության ընդունում և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։