Մոտ 1կգ մարիխուանա է հայտնաբերվել ԱՄՆ–ից ուղարկված առաքանիում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին, հաղորդում է ՊԵԿ–ը։
Արդյունքում բացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, հայտնաբերվել է ընդհանուր 970 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ առաքանու հասցեատերը այն պետք է ստանա «ՕՆԷՔՍ»-ի առաքանիների ստացման պահոցից: Այդ պահոցի նկատմամբ սահմանվել է 24 ժամյա հսկողություն:
Արդյունքում «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը»-ի մասնաշենքից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ա.-ն:
Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է:
Պարզվել է, որ նշված թմրամիջոցը նախատեսված է եղել իրացնելու տելեգրամյան հարթակում: Ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ նշված թմրամիջոցները պետք է վերցնեին Վանաձոր-Ստեփանավան թունելի հարակից հատվածից։
Կատարվել է նշված հատվածի դարանակալում, որի ընթացքում պարզվել է թմրամիջոցները ձեռք բերող անձանց ինքնությունը։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներգրավվել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ:
Նրանց աջակցությամբ թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով Ստեփանավան քաղաքի հասցեներից մեկում ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի, որտեղ վերջիններս ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն ու նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում` ձերբակալվել:
Ներկայում, Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։