Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը տևեց ավելի քան 4 ժամ. ԱԳՆ–ն ներկայացնում է մանրամասները (ՎԻԴԵՈ)

16.01.2019, 21:19
Փարիզում չորեքշաբթի կայացավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:
Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը տևեց ավելի քան 4 ժամ. ԱԳՆ–ն ներկայացնում է մանրամասները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Փարիզում չորեքշաբթի կայացավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տեղի ունեցավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում և փոխվստահություն հաստատելու գործում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին իրենց հանդիպումից հետո տեղի ունենալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ինչպես նաև համանախագահների օրացույցում ներառված առաջիկա քայլերի շուրջ։ -0-