Մինչ Հայաստան–Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ

01.09.2025, 16:22
ՆԳՆ–ն նշում է, որ համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր
Մինչ Հայաստան–Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերն, ըստ տեղեկությունների, վերավաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ 

Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։ 

ՆԳՆ–ն նշում է, որ համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր: 

«Հնարավոր խարդախության զոհ չդառնալու համար ՆԳՆ–ն նշում է, որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00-ին, հետևաբար մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է», – նշում են ՆԳՆ–ից։