Մի վրաերթի պատմություն. ԶԼՄ–ները գրում են Սանասարյանի` երեխային վրաերթի ենթարկելու մասին (ՎԻԴԵՈ)
13:15
15 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Analitik.am կայքը նախօրեին գրել է, որ մի քանի օր առաջ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել։ ՃՏՊ–ն ոստիկանությունում չի գրանցվել։
Կայքի Youtube ալիքում հայտնվել է մոր և երեխայի մասնակցությամբ հարցազրույցը, որոնք պատմում են կատարվածի մասին։
«Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 12–ին Կիևյան 4 փողոցի տներից մեկի բակում։ Երեխան այնտեղ պարապմունքների է գնում։ Նա ավարտել էր դասն իմ գալուց առաջ և գնում էր դեպի մայթը։ Այնտեղ դալան կա, որով դուրս ես գալիս փողոց։ Մեքենան մտել է դալան և հարվածել երեխային»,– պատմում է տղայի մայրը։
Նրա խոսքով, բախումից հետո մեքենան կանգնել է, դուրս է եկել Դավիթ Սանասարյանը, նստեցրել է երեխային քարի վրա։ Ինքը` երեխան ասում է, որ դրանից հետո Սանասարյանը մեքենան հետ է տարել, իսկ երեխային ավելի ուշ մայրն է տարել հիվանդանոց։
Կնոջ խոսքով, հիվանդանոց ժամանելուն պես իրեն հետևել են բուժքույրերը, որոնք պահանջել են իրենից թղթեր ստորագրել, որ վրաերթ չի եղել, և երեխան անզգուշությամբ է վնասվածք ստացել` ընկնելով բակում։
Նա նաև հայտնել է, որ Սանասարյանը չուզելով է հաջորդ օրը եկել երեխայի բուժզննության և վճարել երեխայի ռենտգենի համար։
«Երեխային գիպս են դրել, նա վերցրել է ռենտգենի կտրոնը և վճարել այդ 4 հազար դրամը։ Վերջ` էլ ոչինչ չի արել։ Երեխան մինչ այդ գլխի հետ խնդիրներ ուներ, բայց ամենն անցել է։ Ես վախենում էի, որ գլխացավերը նորից կսկսվեն»,– ասել է երեխայի մայրը։
Կինը հայտնել է, ոչ նյարդավիրաբույժը ստուգումներ է նշանակել, իսկ Սանասարյանը խոստացել է օգնել, բայց խոստումը չի կատարել։ Նա միաժամանակ նշել է, որ խնդրել է Սանասարյանին օգնել երեխային խնամելու հարցում և երեխայի համար ուսուցչի հարցում, որ նա հետ չմնա ուսումից վնասվածքի պատճառով։ Սակայն որևէ օգնություն չի ցուցաբերվել։
Սանասարյանի հերքումը
Facebook-ի իր էջում Վերահսկողական ծառայության պետը հերքում է տարածած հաղորդումը, ասելով, որ դա «հերթական սուտ է», և երեխան, քարի վրայից թռնելով, դիպել է մեքենային և վայր ընկել։
«Ինչից հետո, ելնելով մարդասիրական նպատակներից, ես նրանց հետ մեկնել եմ բժշկական կենտրոն, որտեղ երեխային զննել են և ասել, որ խնդիրներ չկան»,– գրել է նա։
Սանասարյանը գրում է, որ երեխայի մայրը հաջորդ օրն ասել է, թե լրացուցիչ զննում է պետք, որին նա իրենց հետ գնացել է։
«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,– գրել է Սանասարյանը։
Ծառայության պետը գրում է, որ ամեն օր հետաքրքրվել է երեխայի որպիսության մասին, մինչև այն օրը, երբ գումարի վերաբերյալ մերժում ստանալով՝ իրենից պահանջեցին այլևս չհետաքրքրվել երեխայով։
Սանասարյանը հարցադրում է անում` ինչու երեխայի մայրը հիվանդանոցում չասեց, որ վրաերթ է տեղի ունեցել ու ոստիկանություն չի դիմել։ Նա պնդում է, որ կնոջ ասածները սուտ են։
Ոստիկանության արձագանքը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է մեկնաբանություն ստանալ Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Էդգար Ջանոյանից։ Նա tert.am –ին հայտնել է, որ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսագրությունը, որտեղ պատմվում է Սանասարյանի կատարած վրաերթի մասին։ -0-