Մեզ սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ․ Սուրենյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստան տաք օդային հոսանքներ են ներթափանցում, սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Սուրենյանի խոսքով, վերջին երկու օրերին Հայաստանը գտնվում էր Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության առանձին հատվածներում դիտվեցին կարճատև անձրևներ։
«Բայց առաջիկա ժամերից սկսված՝ այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա հանրապետության տարածքից։ Այն իր տեղը կրկին զիջում է հարավ–արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքնքերին, որոնք մինչև ամսվա վերջին օրերը կմնան Հայաստանի տարածքում», – նշել է Սուրենյանը։
Նա նաև հայտնել է, որ առաջիկա ժամերից սկսած՝ տեղումները ողջ երկրի տարածքում կդադարեն, և առաջիկա 10 օրերին սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ։
«Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին նոյեմբերի 18–19–ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա մոտ 3–4 աստիճանով և կմնա անփոփոխ։ Նոյեմբերի 3–րդ տասնօրյակը կրկին կլինի բավականին տաք և սակավատեղում», – նշել է Սուրենյանը։

