Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն դատապարտել է ՀՀ–ում իրականացվող հոգևորականների ձերբակալությունները

17.10.2025, 11:16
Վեհափառ Հայրապետի մոտեցումը այն է, որ պետություն–եկեղեցի ներկա վատառողջ վիճակը պէտք է վերջ գտնի, և մեր ազգի երկու կարևոր սյուների՝ պետության ու եկեղեցու հարաբերությունները լինեն սերտ ու ամուր
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն դատապարտել է ՀՀ–ում իրականացվող  հոգևորականների ձերբակալությունները

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն դատապարտել է ՀՀ–ում իրականացվող հոգևորականների ձերբակալությունները։

«Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտել էր հոգևորականների ձերբակալությունը և նույնիսկ միջնորդների միջոցով առաջարկել էր դադարեցնել այս անընդունելի երևույթը։ Նորին Սրբությունն այժմ հովվապետական այցելության մեջ է և, իմանալով շարունակվող ձերբակալությունների մասին, դարձյալ կդատապարտի այս անընդունելի երևույթը», – նշվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Վեհափառ Հայրապետը պարտականություն է տվել այժմ մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանին, որ իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցի քաղաքական ու պետական պատասխանատուներին և նոյնիսկ վարչապետին։

«Վեհափառ Հայրապետի մոտեցումը այն է, որ պետություն–եկեղեցի ներկա վատառողջ վիճակը պէտք է վերջ գտնի, և մեր ազգի ու Հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարևոր սյուների՝ պետության ու եկեղեցու հարաբերությունները լինեն սերտ ու ամուր», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանին։ Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև «Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը»։