Մենք պետք է թույլ չտանք, որ հարգանքի տուրքի օրը որևէ մեկը՝ հոգևորական, թե աշխարհիկ, այն վերածի արկածախնդրության կամ սադրանքի. Նազելի Բաղդասարյան
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժին՝ շեշտելով, որ այդ օրը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է։
«Ցավը, հիշատակը և սգացող մարդկանց վիշտը որևէ նպատակով օգտագործելը անթույլատրելի է։ Վաղը՝ դեկտեմբերի 7-ին, մենք պիտի կանգնենք կողք կողքի՝ հիշելու, խնկարկելու, խոնարհվելու և ուժ տալու միմյանց։ Եվ ուրեմն, մենք պետք է թույլ չտանք, որ հարգանքի տուրքի օրը որևէ մեկը՝ լինի հոգևորական, թե աշխարհիկ, այն վերածի արկածախնդրության կամ սադրանքի»,-գրել է նա՝ հավելելով, որ հիշատակի սրբության անարգման ցանկացած փորձ ոտնահարում է մեր հասարակության արժանապատվությունը, և նման վարքագիծը մեզանում տեղ չունի։
«Հարգե՛ք քաղաքիս չսպիացող վերքը»,-գրել է նա։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցելու է պատարագի։

