Մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը․ սա լկտի սուտ է․ Թորոսյանը՝ շրջանառվող լուրերի մասին
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին շրջանառվող լուրերը։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, սա լկտի սուտ է»,-այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նա ՝ հավելելով, որ որոշ շրջանակներ հատուկ հիբրիդային հարձակումների պայմաններում, երբ փորձում են վախ և տագնապ տարածել մեր ժողովրդի մեջ, պնդում են, որ կենսաթոշակային տարիքը բարձրացվելու է։
«Մեջ են բերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն Ազգային ժողովից, թե ի՛նչ տարիք է 63-ը կամ 65-ը. մարդ կարող է այդ տարիքում աշխատել, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, պրոդուկտ ստեղծել, ինչն իրոք այդպես է, որովհետև ժամանակակից գիտությունը, բժշկությունը թույլ են տալիս մեզ ապրել շատ ավելի երկար, և առողջ լինել շատ ավելի երկար տարիներ և, այո՛, նաև՝ աշխատել», ասել է Թորոսյանը։
Ըստ նախարարի՝ այսօր էլ մենք ունենք տասնյակ հազարավոր, եթե ոչ 100 հազարավոր քաղաքացիներ, որոնք այդ տարիքում աշխատում են, երջանիկ են իրենց աշխատանքով և շարունակելու են իրենց աշխատանքը դեռ երկար տարիներ։

