Մասյացոտնի թեմը հայտարարել է քահանաների նկատմամբ ճնշումների փորձերի մասին

20.01.2026, 15:54
Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք
Մասյացոտնի թեմը հայտարարել է քահանաների նկատմամբ ճնշումների փորձերի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ, նշվում է թեմի հայտարարության մե։ 

«Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը», – նշվում է հայտարարության մեջ։ 

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշում, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։ 

«Տեղեկացնում ենք, որ հիշյալ հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել։ Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և իրենք կոչված են անշեղորեն պահպանելու Եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից։ Սպառնալից խոսույթով պահանջները հիմնականում ուղղված են եղել Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին», – նշվում է հայտարարության մեջ։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2026 թվականի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Վերջինս այն եպիսկոպոսների թվում էր, ովքեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին ստորագրել էին Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման հայտարարությունը։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը:

Ավելի ուշ Սարոյանը հայց է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու մասին տնօրինությունը: Հունվարի 16-ին նա հայտարարել է, որ դատարանը վերականգնել է իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: