Մարմարիկում 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև երեխայի գտնվելը. վստահեցնում է մարզի ՓԾ ղեկավարը

13.05.2025, 15:22
Գետի որոշակի հատվածներում ցանցեր ենք տեղադրել, որպեսզի ինչ-որ բան կարողանանք հայտնաբերել
Մարմարիկում 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև երեխայի գտնվելը. վստահեցնում է մարզի ՓԾ ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ներքին գործերի նախարարության Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանը վստահեցնում է, որ Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի գտնվել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սեդրակյանն այդ մասին ասել է Մարմարիկում լրագրողների հետ զրույցում։

Նա տեղեկացրել է, որ մայիսի 4-ին, ժամը 11։45-ին Կոտայքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ բնակավայրում 2-ամյա երեխա է կորել, կա հավանական վարկած, որ երեխան գետն է ընկել, քանի որ տունը գետին մոտիկ է

«Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, և այդ պահից մինչ այժմ իրականացնում ենք որոնողական աշխատանքներ։ Ներկա պահին ինտենսիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում, շուրջ 250 փրկարար ծառայողներ են ներգրավված, նրանց կազմում են և՛ ջրասուզակներ, և՛ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարար ծառայողներ»,- մանրամասնել է Սեդրակյանը։ 

 

Նա նշել է, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում և՛ բնակավայրում, և՛ Մարմարիկ գետի երկայնքով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարում։ 

«Այս պահին ոչ մի արդյունքի չենք հասել, ոչ մի հետք չունենք, որևէ հագուստ, իր չենք հայտնաբերել։ Գետի որոշակի հատվածներում ցանցեր ենք տեղադրել, որպեսզի ինչ-որ բան կարողանանք հայտնաբերել։ Ցանցերը տեղադրել ենք  5 հատվածում, դրանք այն հատվածներն են, որտեղ գետն ավելի հանդարտ է»,- ասել է Սեդրակյանը։ 

 

Նա նաև շեշտել է, որ բոլոր առաջ քաշված վարկածները ստուգվում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ փրկարարների կողմից։ 

«Չկա այդպիսի վարկած, որ մենք չստուգենք։ Մարմարիկ բնակավայրի և հարակից բնակավայրերի բոլոր շենք-շինություններում ընդհանուր որոնողական աշխատանքներ են իրականացվել։ Այս պահին, ցավոք, արդյունք չունենք»,- հավելել է  նա։ 

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են նաև մեծ թվով կամավորներ։ Գևորգ Սեդրակյանը հայտնել է, որ հարյուրավոր կամավորներ միացել են իրենց և փրկարարների հետ մասնակցում են որոնողական աշխատանքներին։ 

«Անընդհատ շարունակելու ենք աշխատանքները մինչև երեխաներին չգտնենք»,- վստահեցրել է Սեդրակյանը։ 

Մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: