Մաքսիմալ ջանք ենք գործադրում, որ ունենանք կոնկրետ արդյունքներ․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի կառավարությունը շարունակում է Բաքվում պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ինչ վերաբերում է Բաքվում պահվող անձանց, մաքսիմալ ջանք ենք գործադրում, որ ունենանք կոնկրետ արդյունքներ։ Իմ մոտեցումն այն է՝ քանի դեռ այդ արդյունքները չկան, դրանց մասին չեմ հայտարարում, երբ որ կլինի, կլինի նաև հայտարարություն» , – ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ ադրբեջանական բանտում պահվող 23 հայ բանտարկյալները գրեթե երեք ամիս պահվում են լիակատար մեկուսացման մեջ, և ոչ մի անկախ միջազգային կազմակերպություն նրանց հետ կապ չունի։ Նա հավելել է, որ նրանց կալանքի պայմանների, առողջական վիճակի կամ հոգեբանական վիճակի մասին որևէ տեղեկություն չկա։

