Մանկական ուռուցքաբանության առաջին պալիատիվ ծառայություն կստեղծվի Հայաստանում

15.02.2019, 14:46
Պալիատիվ ծառայությունը կգործարկվի «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ։
Մանկական ուռուցքաբանության առաջին պալիատիվ ծառայություն կստեղծվի Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում շուտով կստեղծվի մանկական ուռուցքաբանության առաջին պալիատիվ ծառայությունը, հայտնում է Հայաստանի առողջապահության մամուլի ծառայությունը։

Մամուլի հաղորդման համաձայն, պալիատիվ ծառայությունը կգործարկվի «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ։ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամը լիարժեք հոգում է երեխաների բուժման ծախսերը։

Միաժամանակ, նախարարությունը սերտ համագործակցում է Հայաստան-Արցախ հիմնադրամի հետ, որի շնորհիվ տարվա սկզբից արդեն երեխաներին տրամադրվել են հակաուռուցքային դեղեր:

Առողջապահության նախարարությունում ընդգծեցին նաև, որ 2018 թվականից հայ երեխաներին հասանելի դարձավ նաև ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։ Օրեր առաջ ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» միավորվերցին մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները, որպեսզի է՛լ ավելի համախմբված տարվի պայքարը մանկական քաղցկեղի դեմ և հայ մանուկներն այլևս ստիպված չլինեն մեկնել արտերկիր բուժում ստանալու համար։

Գերատեսչության տվյալներով, յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է մինչև 18 տարեկան 80-100 երեխա: Մանկական բոլոր քաղցկեղների գրեթե 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է մոտ 75-80% կատարյալ առողջացում մանուկների մոտ։

Загружается новость ... "Лево"

Մանկական տեղակայված ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտ 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները Կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները, երիկամի ուռուցքներն են։

Ներկայում Հայաստանում հնարավոր է դարձել իրականացնել այս երեխաների լիարժեք բուժումը ստանդարտացված ամերիկյան և եվրոպական սխեմաներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։

Ուռուցքաբանության ոլորտը գերակայություն է առողջապահության նախարարության ներկայիս քաղաքականության մեջ: Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ 2019 թվականից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերման դաշտում կատարվել են լրջագույն փոփոխություններ` ապահովելով չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի հասանելությունը:

Այսպիսով` մանկական քիմիաթերապիան պատշաճ կազմակերպելու համար ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատուի կողմից որպես առաջնահերթություն ներկայացված չգրանցված դեղերի համար 2019 թվականին իրանացվել է 14 անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով:

Նշենք, որ այս ոլորտում ծրագրերը կրելու են շարունական բնույթ, քանի որ երեխաների առողջությունն ամենակարևորն է:

2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: -0-