Մալաթիա–Սեբաստիայի բնակելի տարածքում քաղաքացին տասնյակ տարիներ երեք արջ է պահել (ՎԻԴԵՈ)

26.03.2025, 12:00
Երևանում 3 արջ տասը տարուց ավել պահվել են բնակելի տանը՝ գերության մեջ․ ՎԻԴԵՈ
Մալաթիա–Սեբաստիայի բնակելի տարածքում քաղաքացին տասնյակ տարիներ երեք արջ է պահել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՀՀ ՆԳՆ և մի շարք կառույցների հետ համատեղ կարողացավ փրկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում տասնյակ տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջի։ 

Առավոտյան ժամերից մինչև ուշ գիշեր FPWC թիմը, International Animal Rescue ներկայացուցիչները, ՇՄՆ աշխատակիցները, ոստիկանները, փրկարարները, կենդանասերները և լրագրողները անձրևի տակ հսկողություն էին իրականացնում Սվաճյան փողոցում։ 

Կենդանիների տերը փակվել էր տանը՝ մերժելով բացել դուռը ոստիկանության առջև և հերքելով, որ արջերը պահվում են անբարենպաստ պայմաններում։ 

Միայն դատարանի որոշմամբ ձեռք բերված թույլտվության և ժամեր տևած բանակցությունների արդյունքում թիմը կարողացավ մուտք գործել տարածք և գործի անցնել։ 

Սա ավարտին հասցրեց դեռևս 2019թ.-ից քաղաքացիների ահազանգերով սկիզբ առած պայքարը, որի նպատակն էր ազատել ինչպես արջերին, այնպես էլ վերացնել բնակելի թաղամասում մանկապարտեզներից և դպրոցներից ոչ հեռու գտնվող վտանգավոր իրավիճակը։ 

Նախնական զննությամբ պարզվել է, որ արու արջը չափազանց ճարպակալած է (250-300 կգ) և ատամների մեծ մասը կոտրված ու վնասված է։ 

Մյուս երկու առանձնյակներն էգեր են, որոնցից մեկը ծնվել է հենց այդ նույն նեղ ու կեղտոտ վանդակում, որտեղ էլ ապրել է ողջ կյանքում։ 

Այժմ արջերը տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ կստանան մասնագիտական խնամք և բուժօգնություն։ ????Արու առանձնյակի համար պլանավորվում է հատուկ ատամնաբուժական վիրահատություն՝ նրան ցավերից ազատելու և ուտելու կարողությունը հնարավորինս վերականգնելու նպատակով։ 

FPWC-ն կրկին հորդորում է քաղաքացիներին զգոն լինել և անմիջապես հայտնել վայրի կենդանիների անօրինական պահման կամ վատ վերաբերմունքի դեպքերի մասին (010 585884):