Մահացել է ջազմեն Արմեն Թութունջյանը` Չիկոն

08.06.2017, 19:03
Երաժիշտը հանկարծամահ է եղել։
Մահացել է ջազմեն Արմեն Թութունջյանը` Չիկոն
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր` հունիսի 8–ին, հանկարծամահ է եղել հայ հայտնի ջազմեն, թմբկահար Արմեն Թութունջյանը (Չիկոն), հայտնում է armradio.am–ը։ 

Երաժիշտը ղեկավարում էր «Չիկոն և ընկերները» ջազային խումբը։

Նա արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, Հայաստանում հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը։

1996 թ-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները։ 1998 թ-ից վարում էր «Ջազի ժամ» հաղորդումը նախ՝ «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011 թ-ից՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ։

2008 թ.–ին արժանացել է Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ 2008 թ. ՀՀ նախագահի հրամանգրով նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Երաժիշտի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ցավակցություն է հայտնում անվանի ջազմենի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։ -0-