Կյանք փրկող գործիք․ Հայաստանում կներդրվի «Արհեստական սիրտ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում կներդրվի «Արհեստական սիրտ» ծրագիրը՝ Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայությամբ գործող «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ։
Այս մասին ռեպորտաժ է պատրաստել «Լուրերը»։
Նշվում է, որ սրտի կծկողականությունը կարող է հանգեցնել սրտային անբավարարության, ընդհուպ հանկարծամահության։ Աշխարհում այդ խնդիրը լուծվում է արհեստական սրտի տեղադրմամբ, փոխպատվաստմամբ։ Հայաստանում դեռ սրտի փոխպատվաստում չի արվում, բայց ներդրվում է «Արհեստական սիրտ» ծրագիրը։
Ինչպես նշում է «Նորք–Մարաշ» ԲԿ–ի տնօրեն Միքայել Ադամյանը, արհեստական սրտի տեղադրումը շանս է տալիս պացիենտներին ավելի երկարատև ու ապահով ապրել, մինչև որ հասնեն սրտի փոխպատվաստման։ Դա կարող է տևել մեկ տարուց մինչև 7– 8 տարի։
««Արհեստական սիրտ»–ը փրկող գործիք է, պոմպ է, որը կատարում է սրտամկանի ֆունկցիա։ Այն սարք է, որը տեղադրվում է, և պացիենտն ունենում է իր հետ տեղադրված այդ սարքը։ Փոքր պայուսակի մեջ տեղադրվում է սարքը, և դա բավականին հարմարավետ է պացիենտների համար, – նշում է Ադամյանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի խոսքով, «Նորք–Մարաշ» ԲԿ–ն տարածաշրջանում ամենահզորներից է և մրցունակ է եվրոպական բժշկական կենտրոնների հետ։
«Որպեսզի կարողանանք տարածաշրջանում պահպանենք մեր դիրքերը, առաջարկվել է ներդնել այդ ծրագիրը։ Մի քանի կազմակերպությունների հետ ենք հանդիպել, փորձել գործակցել», – նշում է Կարապետյանը։
Նրա խոսքով, այս ծրագրում կան որոշ նրբություններ։
«Սարքն արտադրող կողմը պարտադրում է, որ չենք կարող ձեռք բերել 1 սարք, դնել որևէ անհատի։ Պարտադրում է, որ երկրում անպայման լինի 2-րդը, որպեսզի սարքի խափանման դեպքում անպայման փոխարինելու հնարավորություն լինի», – նշում է քաղաքապետարանի ներկայացուցիչն ու հավելում, որ ծրագրի շրջանակում փորձում են հավաքագրել հիվանդներին։
«Եթե նրանք արդեն գան, դառնան 3–ից 5, այդ դեպքում կփորձենք մեխանիզմը գործարկել», – ասաց Կարապետյանն՝ ավելացնելով, որ այդ պոտենցիալը արդեն իսկ հավաքագրված է։
Ադամյանն իր հերթին նշում է, որ հաշվի առնելով, որ սարքը 100 000 եվրոյից ավելի թանկ է, ոչ բոլոր պացիենտները կարող են միանգամից 2 սարք գնել, որից 1–ը պիտի պահեն իրենց մոտ։
«Քաղաքապետարանն իր վրա է վերցնում է այդ պատասխանատվությունը` օգնելու հենց այդ մեծ հարցում, որ գոնե 2-րդ սարքը ձեռք բերվի քաղաքապետարանի, ԲԿ–ի միջոցներով և պահվի Հայաստանում»,– նշում է ԲԿ–ի տնօրենը։
Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում կան շատ բուժառուներ, որոնք ունեն արհեստական սրտի կարիք, սակայն ծրագրի ներդրումից հետո առայժմ այդ ծախսը հոգալու են իրենք` բուժառուները։ Հույս կա, որ մոտ ապագայում Առողջապահության նախարարությունը իր վրա կվերցնի ֆինանսական այդ բեռը։