ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղաներ:
Նրանցից մեկը ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել, իսկ մյուսը ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:
Մեկ երիտասարդ էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ի 8-րդ հիվանդանոց:
Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, վիրավորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում, որտեղ դեռևս ինքնությունը չպարզված անձը կրակ է բացել նրանց ուղղությամբ:
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են երեք երիտասարդները՝ իրենց ուղղությամբ կրակ արձակելու պահին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, 1 գնդակ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում