Խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում հայ պատանդներն ու գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են․ Թաթոյան

07.03.2025, 11:43
ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում հայ պատանդներն ու գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են, կարծում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը
Խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում հայ պատանդներն ու գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են․ Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում հայ պատանդներն ու գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են, կարծում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։ 

«Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու: Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկույցը, ՔՊ վերնախավից որոշ անձինք այն անվանեցին «հնարած տեսարաններ»:

Նման գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը», – գրել է Թաթոյանը Facebook–յան իր էջում։ 

Նա նշել է․ «Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, այդ թվում` հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը»։ 

«Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել Հայրենիքի համար», – նշել է Թաթոյանը։

Նշենք, որ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը վերջերս հայտարարել էր, որ եթե տեսանելի քայլեր արվեն, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։
«Եթե ցանկանում եք գերիները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտանք»», – հայտարարել էր նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցում հայկական դիվանագիտությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ առաջնորդվելով առաջին հերթին «մի վնասիր» սկզբունքով։