Խաղաղության համաձայնագիրը ՀՀ տարածքային պահանջների մասին Ադրբեջանի մտահոգությունները լուծելու ամենակարճ ճանապարհն է. Փաշինյանն՝ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում (ՎԻԴԵՈ)

16.05.2025, 00:36
Ալբանիայում Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից․ ՎԻԴԵՈ
Խաղաղության համաձայնագիրը ՀՀ տարածքային պահանջների մասին Ադրբեջանի մտահոգությունները լուծելու ամենակարճ ճանապարհն է. Փաշինյանն՝ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության համաձայնագիրը անվանել է Հայաստանի տարածքային պահանջների վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները լուծելու ամենակարճ ճանապարհը։

«Այժմ ադրբեջանական կողմը հարցեր է բարձրացնում այն ​​​​մասին, որ Հայաստանի Սահմանադրությունում, իբր, կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Եթե ​​այդ մտահոգություններն անկեղծ են, ապա այս հարցը լուծելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, քանի որ երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և վավերացվի ՀՀ խորհրդարանում, արդեն ամենաբարձր օրենսդրական մակարդակով կփաստվի, որ ՀՀ-ն որևէ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի և ընդհանրապես իր հարևանների նկատմամբ», - ասել է նա Ալբանիա կատարած այցի շրջանակում Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե «արդյո՞ք Հայաստանի ենթադրվող նոր Սահմանադրության մեջ հղում կլինի Անկախության հռչակագրին», Փաշինյանն ասաց, որ նոր Սահմանադրության նախագիծ դեռևս չկա, իսկ Հայաստանի գործող Սահմանադրության մեջ հարևանների նկատմամբ որևէ տարածքային պահանջի բացակայությունն իրավաբանորեն հաստատված փաստ է։

Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ հայկական կողմն իր հերթին մտահոգություններ ունի Ադրբեջանի Սահմանադրության մասով։

«Մենք Ադրբեջանի Սահմանադրության մետ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և մենք, ցավոք, տեսնում ենք կոնկրետ քաղաքական տեղաշարժեր Ադրբեջանում, որոնք հիմք են տալիս մտածելու, որ Ադրբեջանում առնվազն կան շրջանակներ, որոնք ուզում են, եթե կարելի է այսպես ձևակերպել, փակել հակամարտության էջն իրենց տարածքում և, այսպես ասած, տեղափոխել հակամարտությունը Հայաստանի տարածք», – պարզաբանեց նա։

Պատասխանելով լրագրողի այն մեկնաբանությանը, որ Ադրբեջանում խոսում են Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին՝ Փաշինյանն ասաց․ «Շատ ավելի լավ։ Ո՞րն է խնդիրը։ Եթե նույն ժամին, նույն օրը, նույն վայրում ստորագրենք և խաղաղության համաձայնագիրը, և համատեղ հայտարարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման փաստաթուղթը»։ Միաժամանակ նա ավելացրեց, որ բազմիցս խոսել է, որ հայկական կողմը պատրաստ է և հաստատում է դա։

Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված տեքստում հստակ նշված է, որ երկու երկրներն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա և այն փաստի վրա, որ խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական ​​սահմաններ։

«Սա նշանակում է, որ Խորհրդային Ադրբեջանը անկախ Ադրբեջան է, իսկ Խորհրդային Հայաստանը՝ անկախ Հայաստան։ Սա առաջին և շատ կարևոր փաստն է», - ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ փաստաթղթում կա նաև հոդված, որում նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում նման հարցեր ու պահանջներ չբարձրացնել։

«Այսինքն, փաստորեն այն ​​հարցերը, որոնք այժմ բարձրացվում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, լուծվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում», - ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծում կա ևս մեկ շատ կարևոր հոդված, որտեղ նշվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անել իր օրենսդրությանը՝ այս համաձայնագիրը չկատարելու համար։

«Եվ երբ համաձայնագիրը ստորագրվի, ըստ Հայաստանի օրենսդրության, մենք պետք է այն ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի այն որոշի, թե արդյոք այն համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, դա նշանակում է, որ այս փաստաթղթի վավերացման համար որևէ խոչընդոտ չի լինի Հայաստանի խորհրդարանում: Երբ այն վավերացվի Հայաստանի խորհրդարանում, ուժի մեջ կմտնի մեր Սահմանադրության այն հոդվածը, որտեղ նշվում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն բարձրագույն իրավական ուժ և գերակայություն տեղական օրենքների նկատմամբ», - պարզաբանեց նա։