Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում պատարագ է մատուցվել 2–ամյա Տիգրանի շուտափույթ գտնվելու հավատով

12.05.2025, 11:07
Պատարագին մասնակցել են նաև 2–ամյա Տիգրանի ծնողները
Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում պատարագ է մատուցվել 2–ամյա Տիգրանի շուտափույթ գտնվելու հավատով

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում պատարագ է մատուցվել նախորդ կիրակի Մարմարիկում անհետացած 2–ամյա Տիգրանի շուտափույթ գտնվելու հավատով։ 

Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արք. Քարամյանի, Կարմիր Կիրակիի Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Սահակ քհն. Սահակյանը։ 

Սուրբ Պատարագին ներկա էին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում օրեր առաջ կորած փոքրիկ Տիգրանի ծնողները։ Սրբազան Հոր կարգադրությամբ թեմի բոլոր եկեղեցիներում պարբերաբար կկատարվի աղոթք` կորած երեխայի շուտափույթ գտնվելու հավատով։ 

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4–ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։

Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։

Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։

Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։ Երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։