Կասեցվել է «Զավիկի Ղարսի» ևս երկու մասնաճյուղի գործունեություն (ՖՈՏՈ)

17.10.2025, 12:24
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Զավիկի Ղարսի» ևս երկու մասնաճյուղի գործունեությունը
Կասեցվել է «Զավիկի Ղարսի» ևս երկու մասնաճյուղի գործունեություն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Զավիկի Ղարսի» ևս երկու մասնաճյուղի գործունեությունը։   

Տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։ 

Завики карс

Ստուգման ընթացքում պարզվել է, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ 

Ի մասնավորի՝ «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

- սննդի կետը ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով,

- պատերը չեն պահվել նորոգ վիճակում,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանը, ինչպես նաև սառնարանների դարակաշարերը, գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Завики карс

«Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

- սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, խողովակները և հոսանքալարերը քողարկված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերով,

- հատակը չի գտնվել նորոգ վիճակում։ 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ 

Հիշեցնենք. «Զավիկի ղարս»-ի Սարյան փողոցի վրա գործող մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցված է՝ արտադրանքում հայտնաբերված մանրեաբանական անհամապատասխանությունների հիմքով: