Կասեցվել է սուպերմարկետների ցանցին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (ՖՈՏՈ)

21.01.2026, 21:15
Սուպերմարկետների ցանցին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՖՈՏՈ
Կասեցվել է սուպերմարկետների ցանցին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ–ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։   

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Շարուրի փողոց) ստուգում իրականացնելու ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ՝

  • արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

  • առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

  • բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

  • դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, ունեցել են վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ,

  • արտադրությունում օգտագործվող հումքի մշակման սեղանի կողային հատվածները, հացի պահման դարակաշարերը, հացի եփման դարակաշարերը, որոնք անմիջապես շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էվրիկա Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։