Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն չորրորդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը. ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նոյեմբերի 20-ին անսպասելի խուզարկություն են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ բացահայտելով հանցավոր գործունեություն իրականացնող «Զանգերի կենտրոն»։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը հայտնել է, որ հանցավոր կազմակերպությունում ներգրաված անձինք վարձակալել էին գրասենյակային տարածք, արտաքինից քողարկել այն և ապահովել անվտանգության միջոցներ։
Նրանք համացանցային հեռախոսազանգերի միջոցով իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահներին հաջողվել է պարզել ներգրավված անձանց ինքնությունները, կեղծ հարթակների տվյալները և կրիպտոակտիվային դրամապանակների տեղեկությունները։
Չնայած հանցավոր կազմակերպության անդամներն ունեին համակարգիչներում էլեկտրոնային ապացույցների ոչնչացման ուղեցույց, նրանց չհաջողվեց դա անել։
Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաև նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան:
Քննչական կոմիտեում իրականացվում են վարույթային գործողություններ բոլոր ներգրավված անձանց կարգավիճակը որոշելու համար։
Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին զգույշ լինել կասկածելի կազմակերպություններից աշխատանքի հրավերներ ստանալիս, քանի որ նման կենտրոնների գործունեությանը մասնակցությունը հանգեցնում է քրեական պատասխանատվության։

