Կառավարության շենքի մոտ ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն եկեղեցու և հոգևոր արժեքների
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր կառավարության շենքի առջև տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն եկեղեցու և հոգևոր ու ազգային արժեքների:
Ակցիայի մասնակիցները պաստառներ են կախել, որոնք դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարձակումները եկեղեցու վրա, ինչպես նաև խունկ են ծխեցրել։
«Ես հասկանում եմ, որ բոլորը հիմա դժգոհ են, պայքար է հասունանում, բայց ինչ-ինչ պատճառներով ոչ ոք չի համարձակվում փողոց դուրս գալ։ Մենք որևէ քաղաքական ուժ չենք ներկայացնում, ոչ ոք մեզ չի առաջնորդում, և մենք ոչ մեկին չենք ենթարկվում։ Սակայն մեր խիղճը թույլ չի տալիս մեզ հիմա տանը մնալ և այլ բանով զբաղվել», - ասաց հանրահավաքի մասնակից Էլեոնորա Մանանդյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ կանգնած է լիակատար անհետացման լրջագույն մարտահրավերի առջև՝ նշելով, որ Փաշինյանը «հանդես է գալիս ամենածանր նախաձեռնությամբ՝ ոչնչացնելու մեր հենասյունը՝ Հայ Առաքելական Եկեղեցին»։
Մանանդյանը համոզված է, որ Փաշինյանը հատել է վերջին կարմիր գիծը։
«Եթե այս անգամ էլ հանդուրժենք, ապա ընդհանրապես իմաստ չի ունենա մտածել, որ մենք ունենք Հայաստան և որ մենք հայ ենք», - նշեց Մանանդյանը՝ հավելելով, որ բողոքի ցույցերը կշարունակվեն։
Եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները
Փաշինյանը մայիսի 29–ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է․ «Մեր եկեղեցիները չուլանացված են»։
«Մի քանի տաճար այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարցնում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ որևէ ՊՈԱԿ։ Մենք խնդիր դնո՞ւմ ենք այնտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են»,- ասել է նա։
Մայիսի 30-ին վարչապետը մի քանի գրառումներ արեց իր Facebook–յան էջում՝ արձագանքելով հասարակությունում, այդ թվում՝ հոգևորականության շրջանում, եկեղեցիների վերաբերյալ իր հայտարարությունների քննադատությանը։ Փաշինյանն նաև արել է հետևյալ արտահայտությունը․ ««Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Նա նաև գրել է․ «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևւէ մեկի գործը չէ։ Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ»։
Սյունյաց թեմի առաջնորդ Մակար Հակոբյանն իր հերթին նշել է, որ եկեղեցիների «չուլանացման» մասին Փաշինյանի խոսքերը ոչ միայն անտեղի ու խիստ անհաջող համեմատություն են, այլև վիրավորական ու անհարգալից բնորոշում՝ ուղղված մի կառույցի, որը դարերի ընթացքում եղել է մեր ժողովրդի հոգևոր լույսն ու ազգային տոկունության աղբյուրը։ Նա ընդգծել է, որ եկեղեցին երբեք շքեղության վայր չի եղել, բայց միշտ եղել է հավատքի, մխիթարության և ազգային հավաքականության սուրբ օթևան։ Եվ այդ օթևանը երբեք չի կարող «չուլան» դառնալ, քանի դեռ նրա պատերը ամրացած են հավատավոր ժողովրդի սրտերում։
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը հայտարարեց, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է և նշված անձը թույլ է տվել քրեորեն հետապնդելի ծանրագույն հանցանք։

