Կանթեղներով երթ կանցկացվի Երևանում Հարության տոնի առթիվ

28.03.2018, 18:23
Հազարից ավելի երիտասարդներ կմասնակցեն Հարության տոնին նվիրված կանթեղներով երթին:
Կանթեղներով երթ կանցկացվի Երևանում Հարության տոնի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հազարից ավելի երիտասարդներ կմասնակցեն Հարության տոնին նվիրված կանթեղներով երթին, հայտնեց ՀԱԵ Արարատյան թեմի Երիտասարդական միությունների հոգևոր խորհրդի անդամ Հասմիկ Միրզոյանը։
Սուրբ Հարության տոնը (Զատիկը) այս տարի կնշվի Հայաստանում ապրիլի 1–ին։

Ինչպես նշեց չորեքշաբթի Միրզոյանը, լուսավոր այս տոնին նվիրված երթը թեմի կողմից կազմակերպվում է արդեն հինգերորդ տարին։

«Ամեն օր շաբաթ օրվա պատարագից հետո երիտասարդները կանթեղներ են տանում Հանրապետության Հրապարակ, որտեղ դնում են դրանք խաչի տեսքով և աղոթում»,– ավելացրեց նա։

Միրզոյանի խոսքով, ամեն տարի երթին միանում են մեծ թվով հասարակական կազմակերպություններ և բուհերի ուսանողներ։

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Կարապետ քահանա Կարապետյանն ավելացրեց, որ Ծաղկազարդից մինչև Հարության տոն ընկած ժամանակահատվածը կոչվում է Ավագ շաբաթ։

Նա հայտնեց, որ եկեղեցական ծեսերի հիմնական մասն անցկացվում է Ավագ հինգշաբթի։ «Այդ օրը ծեսերը սկսվում են առավոտյան ժամը 9–ից, կատարվում է ապաշխարության կարգ, որին կմասնակցեն բոլոր հավատացյալները, այնուհետև կսկսվի Սուրբ Պատարագ»,– ավելացրեց հոգևորականը։

Նա նշեց, որ Ավագ հինգշաբթին խորհրդանշում է Խորհրդավոր ընթրիքը, երբ Քրիստոսն իր աշակերտների հետ հաց ու գինի կիսեց։

«Նույն օրը ժամը 4–ին կկայանա ոտնլվայի կարգ, երբ Հիսուսը մարդկանց խոնարհության օրինակ ցույց տվեց։ Նա ջրով լվացավ իր աշակերտների ոտքերը։ Այդ կարգն անցկացվում է նաև մեր եկեղեցիներում, երբ գլխավոր հոգևորականը լվանում է երեխաների ոտքերը»,– ասաց Կարապետյանը։

Նա ավելացրեց, որ Ավագ շաբաթվա երեկոյան պատարագով նշանավորվում է Քրիստոսի Հարությունը։ «Կիրակի մենք նշում ենք Քրիստոսի Հարության տոնը, իսկ երկուշաբթի` Մեռելոց»,– նշեց հոգևորականը։ -0-