ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ճարտարագիտական առաջին մասնագիտացված համաժողով–ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 24–ին Հայաստանում, հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը։
Ինչպես նշեց Ենգիբարյանը հինգշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում, միջոցառումը կանցկացվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։
«Ինչպես գիտեք, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը բացվել է մոտ ինն ամիս առաջ և, ի տարբերություն մյուսների, ճարտարագիտական ուղղվածություն ունի։ Կարծում եմ` միջոցառումը նոր էջ կբացի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում, թույլ կտա օգտագործել վերջին 15 տարիների ընթացքում տեդեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռք բերած հաջողությունը` ճարտարագիտության ոլորտում հաջողության հասնելու համար»,– ասաց Ենգիբարյանը։
Նա հույս հայտնեց, որ միջոցառումը կդառնա ավանդական և հետագայում կընդգրկի ոլորտների ավելի մեծ շրջանակ։
«Համաժողովը հետաքրքիր է նրանով, որ դրա շրջանակում կանցկացվի նաև ցուցահանդես` նվիրված ճարտարագիտության աշխարհի վերջին մարտահրավերներին, ինչպես նաև նրան, թե ինչ է կատարվում Հայաստանում այդ ոլորտում։ Համաժողովի շրջանակում կքննարկվեն երեք հիմնական ուղղություններ` ճարտարագիտության ոլորտի զարգացումներն ու մարտահրավերները, Հայաստանի մրցունակությունը և կրթական խնդիրները»,– նշեց Ենգիբարյանը։
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բորիս Դեմիրխանյանն իր հերթին նշեց, որ կառավարությունը միշտ կարևորել է Հայաստանում ճարտարագիտության զարգացումը։
«Առաջին փորձը կկատարվի Վանաձորում, բայց հույս ունեմ և վստահ եմ, որ դրանով չենք սահմանափակվի, առավել ևս, որ միշտ դիտարկել եմ ճարտարագիտությունը և բարձր տեխնոլոգիաների այլ ոլորտներ որպես դրամի երկու կողմ, դրանք չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի»,– ասաց Դեմիրխանյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի համար ճարտարագիտական ոլորտի կարևորագույն հարցերից մեկը կրթությունն է` կարևորելով հայեցակարգը, որը կմշակվի համաժողովի արդյունքներով։
Միաժամանակ «Նեյշնլ Ինստրումենթս» ընկերության ճարտարագետ Արամ Սալաթյանը նշեց, որ Հայաստանը դառնում է «զարմացնող ճարտարագիտության» երկիր, քանի որ հայ ճարտարագետներին այսօր հաջողվում է ամենաբարդ համաշխարհային խնդիրներին հետաքրքիր լուծումներ առաջարկել:
«Վանաձորում հայ ճարտարագետները կցուցադրեն, թե ինչ լուծումներ կարող են առաջարկել տարբեր բարդ տեխնոլոգիական խնդիրների համար: Հայ ճարտարագետները, մասնավորապես, ժամանակակից լուծումներ կներկայացնեն ինքնակառավարվող մեքենաների ոլորտում»,-հավելեց Սալաթյանը:
Նա ընդգծեց, որ համաժողովի ընթացքում հայ ճարտարագետները կցուցադրեն 5G ոլորտի լուծումներում իրենց ունակությունները:
Միջոցառման կազմակերպիչներն են` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայաստանի կառավարությունը, Լոռիի մարզպետարանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում