Իրականացվում են մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ (ՎԻԴԵՈ)
20:20
01 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով այսօրվանից Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում իրակացնում են մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, Պարետի որոշմամբ, ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։
«Ապրիլի 1-ի ժամը 23.59-ից` աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ։ Վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժը ինչպես մարզերից մայրաքաղաք և` հակառակը, այնպես էլ մարդկանց ազատ տեղաշարժը մարզից մարզ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ոստիկանության հաղորդմամբ, որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ապրիլի 1-ին ժամը 14-ից Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում կիրականացնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։ Պարետի որոշումները խախտած անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ, որոնք, պարետի հանձնարարականով (նախնական մարտի 24-ից միչև մարտի 31-ը ժամանակահատվածի փոխարեն) երկարացվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 571 դեպք։ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–