ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ԱՄՆ է արտագաղթել ընտանիքի հետ, գրում է «Հրապարակ» թերթը։
Պարբերականի տեղեկություններով, Խաչատրյանը երկար ժամանակ որդիների հետ ապրում է Լոս Անջելեսում, որտեղից էլ ղեկավարում է Հայաստանում գտնվող իր ընկերությունները։ Այսպիսով, Խաչատրյանները ցանկանում են ավելի հեռու մնալ նախընտրական թոհուբոհից։ Խոսում են, թե նրանք չեն եկել Հայաստան նույնիսկ մտերիմ մարդու հուղարկավորությանը ներկա լինելու համար։
Թերթը հիշեցնում է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանի դեմ գործ է հարուցել, որը հիմնված է որոշ ժամանակով Համացանցում հայտնված տեսահոլովակի վրա։ Դրանում մաքսային ծառայության մի շարք աշխատողների անունից ներկայացվում են այդ համակարգում գործող կոռուպցիոն սխեմներ, հիշատակվում են Խաչատրյանն ու նրա զարմիկը։
Դրանից հետո սկսվեց Խաչատրյանի ֆինանսական կայսրության անկումը։ Իսկ ամռանը հրապարակվեցին նրա որդիների` Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանգում գտնվող շքեղ առանձնատների լուսանկարները։
«Այդ գործերն իշխանության գզրոցներում են` հարմար պահին հանելու և օգտագործելու համար»,– գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում