Ինչպես է հաշվարկվելու ապահովագրավճարը 500.000- 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար․ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)

17.12.2025, 12:16
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  պարզաբանել է, թե ինչպես է հաշվարկվելու առողջության ապահովագրավճարը 500.000- 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար. ՎԻԴԵՈ
Ինչպես է հաշվարկվելու ապահովագրավճարը 500.000- 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար․ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook-ի իր էջում պարզաբանել է, թե ինչպես է հաշվարկվելու առողջության ապահովագրավճարը 500.000- 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար։

«Ապահովագրավճարը ամսական կազմում է 10․800 դրամ, որից 7500 դրամը կազմում է «Զինապահ»-ի խնայողությունը։ Դուք մինչև այս վճարում էիք 8500 դրամ «Զինապահ»-ին, 2026 թ.-ից շարունակելու եք վճարել 1000 դրամ, և այս 7500 դրամ խնայողությունն ուղղվելու է առողջության ապահովագրությանը», - ասել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ մնացած 3300 դրամը պահվելու է աշխատավարձից, բայց այս գումարը հաջորդ տարի՝ 2027 թ.-ին ֆիզիկական անձանց հայտարարագրման ինստիտուտով քաղաքացին կարողանալու է վերադարձնել որպես եկամտահարկից ստացվող գումար։

Նախարարը հիշեցրել է, որ ֆիզիկական անձանց հայտարարագրման միջոցով տարվա համար քաղաքացին եկամտահարկից մինչև 50․000 դրամ կարող է վերադարձ ստանալ առողջության ապահովագրության համար։

ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին

 2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։   

Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։ 

2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։