Հունվարի 27–ը պաշտոնապես դարձավ ոչ աշխատանքային․ այն կլինի Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

20.01.2026, 11:14
Հունվարի 27–ը պաշտոնապես դարձավ ոչ աշխատանքային
Հունվարի 27–ը պաշտոնապես դարձավ ոչ աշխատանքային․ այն կլինի Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ 

Նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, և այդ օրը սահմանել ոչ աշխատանքային։                                                            

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ նախագիծը հիմնված է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրվա ընդունումն է։ 

Նրա խոսքով, հունվարի 27-ին կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին՝ որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ, կտոնենք բանակի օրը։                         

«Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27֊ը կլինի ոչ աշխատանքային», - նշել է Ռուբինյանը։