Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

29.07.2025, 21:28
Հեղաշրջման պլանի քրվարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ է արձակվել
Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․  Հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ է արձակվել․ նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։ Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը։

ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին տեղեկացրել են, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Հունիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում կիսվել էր Civic. am կայքից «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով pdf ֆայլով։ Մասնավորապես, փաստաթղթում շարադրվում էին գործողություններ, որոնք ենթադրաբար պետք է հանգեցնեին Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացմանը և նոր իշխանական համակարգի փուլային անցմանը։

Հունիսի 25-ին առավոտից իրավապահները գործողություններ են իրականացրել ընդդիմադիրների բնակարաններում, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի տանը։

Այնուհետև քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

ՔԿ-ն 16 անձանց նկատմամբ (այդ թվում՝ Հրայր սարկավագ Հակոբյանի) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։

Հունիսի 26-ին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և իր մի քանի աջակիցներ (այդ թվում՝ Հրայր Հակոբյանը) կալանավորվել են երկու ամսով։