Հոկտեմբերի 10- 12-ը օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի կտրուկ փոփոխության մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերին սպասվող եղանակի կտրուկ փոփոխության մասին։
«Վերջին օրերին մեր երկիրը գտնվում է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես շատ ակտիվ էին հոկտեմբերի 8-ին և 9-ին, ինչի արդյունքում հոկտեմբերի 8-ը և 9-ը դարձան ամենատաքը մեր ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։ Հատկապես շատ բարձր ջերմաստիճաններ գրանցվեցին Սյունիքի հովիտներում»,-նշել է Սուրենյանը։
Նա նաև նշել է, որ Մեղրիի հատվածում ջերմաստիճանը հասավ մինչև 34 աստիճանի, Արարատյան դաշտում, նրա նախալեռնային գոտիներում, Վայոց Ձորի նախալեռներում գրանցվեց մինչև 32-33 աստիճան տաքություն։
Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ, հոկտեմբերի 10-ից մեր երկրում մթնոլորտի շրջանառությունը կփոխվի. հարավային տաք օդային հոսանքները կփոխարինվեն Սև ծովից եկող համեմատաբար ցուրտ օդային հոսանքներով, որոնց ներխուժման արդյունքում հոկտեմբերի 10- 12-ն ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով։

