Հոգևորականների մասնակցությամբ ձայնագրության առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ. ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին:
Ձայնագրությունը համացանցում տարածվել է հոկտեմբերի 17-ին։
Խոսակցության ընթացքում Աղան աբեղան արքեպիսկոպոսին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին:
ՔԿ-ից «Նովոստի-Արմենիա»-ին հայտնում են, որ հոգևորականների մասնակցությամբ ձայնագրության առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Ավելի վաղ Մայր Աթոռ տեղեկատվական համակարգը հայտարարություն էր տարածել։
«Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,-նշվել է Մայր Աթոռ տեղեկատվական համակարգի հայտարարության տեքստում։
Ավելի օպերատիվ լուրերին ծանոթացեք մեր Տելեգրամյան ալիքում

