Հինգշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
- Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա` հասնելով 68 հազ. դրամի։ Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը, պատգամավորներն առաջարկել են բարձրացնել նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամից դարձնելով 63 հազար դրամ։ Նա նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են քաղաքացիների կենսամակարդակի ավելացման անհրաժեշտությամբ, իսկ բոլոր հաշվարկները կատարվել են` հաշվի առնելով 2019թ.–ի առաջին եռամսյակում սպառողական զամբյուղի արժեքի միջին ցուցանիշը, որը հավասար է 63 550 դրամի։«Սա փոփոխվող ցուցանիշ է, մենք արդեն 3 ամիս ուսումնասիրություններ ենք կատարում այդ ոլորտում, որպեսզի հասկանանք նվազագույն աշխատավարձի չափը։ Դրանց արդյունքներով անհրաժեշտ է 67,6 հազար դրամ, որպեսզի ընտանիքը չգտնվի աղքատության եզրին։ Ելնելով բոլոր հաշվարկներից` մենք առաջարկում ենք բարձրացնել նվազագույն աշխատավարձը մինչև 68 հազար դրամի», – ասաց Գասպարյանը։
- Հայաստանը հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է կնքել։ Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։«Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ», – նշել է Հարությունյանը։
- Հայաստանում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետպատվերի շրջանակում։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 27-ի նիստում: Որոշման նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: ««Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաներ հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում»,- նշեց Ավանեսյանը:
- Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մալթայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:
Ավելի վաղ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը նշել է, որ իրավիճակն առաջնագծում չպետք է խոչընդոտ դառնա քաղաքական կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների համար: Նա հայտարարել է նաև հայկական զորքերի դուրս բերման և խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին:
Ըստ Մնացականյանի, պետք է շարունակել էսկալացիայի վտանգը նվազեցնելու աշխատանքները:
«Զոհեր ունենալու պայմաններում խախտվում է հրադադարի ռեժիմը, նշվում է այնպիսի գործիքների կարևորությունը, ինչպիսիք են, օրինակ, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությունը: Մենք չենք հավատում խաղաղ բանակցությունների արդյունավետ առաջընթացին, երբ իրավիճակը լարվում է: Մենք չենք հավատում, որ մի կողմից կարելի է բանակցություններ վարել, մյուս կողմից` կրակել», - ասաց նախարարը: -0-

