ՀՀ–ում կներդրվի օդի որակի մոնիթորինգի ժամանակակից համակարգ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում պատրաստվում են արդիականացնել օդի որակի մոնիթորինգի ժամանակակից համակարգը։
Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին:
Մոնիթորինգի համակարգի արդիականացման հիմքում դրված են 2023թ․ Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալության կողմից «Եվրոպական միությունը կլիմայի փոփոխության համար Արևելյան գործընկերության երկրներում» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում մշակված «Հայաստանում օդի որակի մոնիթորինգի բարելավման ընդհանուր հայեցակարգով նախատեսված բաղադրիչները:
Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ ամբողջ տարածքում ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպության) կողմից առաջարկվող հիմնական աղտոտիչների չափման հնարավորություն և տեղեկատվության իրական ժամանակում հասանելիության ապահովում 14 անշարժ (Երևան քաղաքում 6 դիտակայան) դիտակայանների միջոցով, արտակարգ իրավիճակներում օդի աղտոտվածության չափման հնարավորություն, ինչպես նաև մշտական դիտակայան չունեցող բնակավայրերում օդի աղտոտվածության ժամանակավոր գնահատում 2 շարժական դիտակայանների միջոցով, օրգանական աղտոտիչների (բենզոլ, բենզապիրեն և այլ ցնդող օրգանական միացություններ) և փոշու մեջ ծանր մետաղների (կադմիում, կապար, նիկել, արսեն և այլն) ներառում դիտարկումների համակարգում՝ քիմիական լաբորատորիայի արդիականացում, օդի որակի մոնիթորինգի սարքավորումների (անշարժ և շարժական դիտակայաններ) ստուգում՝ ռեֆերենս լաբորատորիայի առկայություն, մթնոլորտային օդի աղտոտվածության բաշխվածության, անշարժ աղբյուրներից արտանետումների տվյալների հետ համադրման մոդելավորում, կանխատեսման գործիքակազմի ստեղծում:
Որոշմամբ, նախատեսվում է նաև Երևան քաղաքում և մարզերում մթնոլորտային օդի որակի բարձրացնելու նպատակով շինարարության և հանքարդյունաբերության բնագավառում փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավորումների կիրառման պահանջի (առաջնահերթ Երևան քաղաքում մինչև 2025թ․ դեկտեմբերի 1-ին տասնօրյակ) սահմանում, շինարարության բնագավառում մթնոլորտային օդի պահպանության պահանջների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ վերանայում և խստացում, համապատասխան ուսումնասիրությունների իրականացում և դրանց հիման վրա համակարգային լուծման մշակում։
Նախատեսվում է նաև Երևան քաղաքում կանաչ տարածքների ավելացում՝ ԱՀԿ–ի կողմից ցուցված մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքների ցուցանիշներն ապահովելու համար։