ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը նոր կայք է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը նոր ու բարելավված կայք է գործարկել։
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի նոր տեսքն ու կառուցվածքը կդյուրացնի անհրաժեշտ տեղեկատվության (վիզաների, առաջիկա միջոցառումների, դեսպանատան նորությունների մասին) որոնման գործընթացը», – նշվում է դեսպանատան Facebook-յան էջում։
Ավելի վաղ դեսպանատնից հայտնել էին, որ մայիսի 30-ից անցնում են ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի։
Դեսպանատնից նշել են, որ մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և այլևս հնարավոր չի լինի ամրագրել հարցազրույցի օր, ստեղծել սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր, հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել, հարցազրույցի՝ ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։