ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատանը գործարկում է դիմումների ընդունման նոր համակարգ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ս․թ․ մայիսի 30-ից Միացյալ Նահանգների դեսպանատունը գործարկելու է ներգազթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ։
Այս մասին հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։
Հարցազրույցի ամրագրման համար նախկինում օգտագործվող համակարգն ապաակտիվացված է։ Կայքէջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով, հետևաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ․
• Հարցազրույցի օր ամրագրել,
• սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել
• հարցազրույցին չներկայանալու մասին (no show) հայտ ներկայացնել
• հարցազրույցի ավելի վաղ օր հայցել։
Նոր համակարգը գործարկվելու է մայիսի 30-ին։ Մայիսի 30-ին հրապարակվելիք ցուցումները կօգնեն տեղափոխել հաշիվը նոր համակարգ:
Կարևոր տեղեկություններ․
- Եթե կա ամրագրած հարցազրույցի օր, ներկայացեք հարցազրույցին սովորական կարգով։
- Մինչև մայիսի 29-ը ներառյալ կարելի է փաստաթղթեր ներկայացնել UMAKS սուրհանդակային ծառայության միջոցով (առանց սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագրի) ` ներկայացնելով անձնագիրը և անձնագրի պատճենը:
- Կարելի է լիազորել երրորդ անձին հանձնել և վերցնել փաստաթղթերը/անձնագիրը՝ տրամադրելով նրանց ստորագրված լիազորագիր, որը պարունակում է տվյալ անձի ամբողջական անունը և ձեր անձնագրի պատճենը:
«Ուշ եք ներկայացրել ձեր DS-160-ը և ձեր հարցազրույցը չի՞ կայացել: Գրանցվեք մայիսի 30-ից հետո՝ հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգում՝ «չեմ ներկայացել հարցազրույցին» (no-show) խնդրելու համար», – նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։