ՀՀ–ում 2025թ․–ի երրորդ եռամսյակում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտման 43 դեպք․ ԽԱՊԿ զեկույց
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2025թ․–ի հուլիս–սեպտեմբերի ամիսներին գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտման 43 դեպք, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով կոմիտեի 2025 թ.-ի երրորդ եռամսյակի զեկույցը։
«Ըստ վիճակագրական պատկերի`2025 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է ֆիզիկական բռնության` 1, տարատեսակ ճնշումների` 19 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 23 դեպք», – նշեց Մելիքյանը։
Նրա խոսքով` լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գերակշիռ մասը կիրառվել է իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից։
«Շարունակվել է միտումը, երբ պաշտոնյաները հրապարակայնորեն թիրախավորում են լրատվամիջոցներին կամ առանձին լրագրողների, ինչին հաջորդում է նաև նրանց դեմ դատական հայցերի ներկայացումը», - ասաց Մելիքյանը։

