ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Պարզ է, որ ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը չի լինելու նոր խորհրդարանի նախագահ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Սակայն նա ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականում է, ինչը նշանակում է, որ Սահակյանը հնարավորություն ունի հաջորդ խորհրդարանում լինել պատգամավոր:
Ըստ թերթի տեղեկությունների, Գալուստ Սահակյանին շատ ջերմորեն ու հարգալից առաջարկվել է շարունակել մնալ ՀՀԿ-ի ավագների խորհրդի նախագահ և հրաժարվել իրեն հասանելիք մանդատից։ Այդ առաջարկը պատճառաբանվել է նրանով, որ Սահակյանը երկար տարիներ է Ազգային ժողովում է և այս անգամ կարող է իր տեղը զիջել ուրիշներին: Մանավանդ, որ որդին՝ Արման Սահակյանը, ևս պատրաստվում է դառնալ պատգամավոր: Այս փաստարկը ևս Սահակյանի առջև դրվել է և նկատվել, որ «տնից երկու պատգամավոր լինելը ճիշտ չէ»:
«Սակայն Սահակյանին համոզել չի հաջողվել, նա համառորեն պնդել է, որ ուզում է լինել 6-րդ գումարման ԱԺ-ում»,– գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում