ՀՀ ոստիկանությունը կոչ է անում Ցեղասպանության 101–րդ տարելիցի միջոցառումներն անցկացնել խստորեն օրենքի շրջանակում

20.04.2016, 16:33
Հայաստանի ոստիկանությունը կոչ է անում Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցին նվիրված միջոցառումներն անցկացնել օրենքով սահմանված կարգով։
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում Ցեղասպանության 101–րդ տարելիցի միջոցառումներն անցկացնել խստորեն օրենքի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը կոչ է անում Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցին նվիրված միջոցառումներն անցկացնել օրենքով սահմանված կարգով։

Հայաստանում ապրիլի 24-ին նշվելու է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ երկրում նախատեսվում են մի շարք միջոցառումներ` նվիրված 1915 թ.-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին:

Ինչպես հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, այս օրերին Հայաստան են ժամանում օտարերկրյա պատվիրակություններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման խնդիրն իրականացնելու է պարեկապահակետային ուժեղացված ծառայությամբ՝ համայնքային ոստիկանության մեծաթիվ ծառայողների մասնակցությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ոստիկանությունը մինչ օրս առաջիկա օրերին հավաքներ անցկացնելու վերաբերյալ ծանուցումներ չի ստացել:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նման իրազեկումներ կարող են ներկայացվել հավաքի անցկացման օրվանից նվազագույնը 7 օր առաջ: Հիշյալ ժամկետն ինքնանպատակ չէ և ոստիկանությանը հնարավորություն է տալիս նախապես միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը, հավաքի բնականոն ընթացքը, հավաքի մասնակիցների անվտանգությունը և այլոց իրավունքներն ապահովելու ուղղությամբ», - նշել են մամուլի ծառայությունում:

Նկատի ունենալով, որ իրազեկում ներկայացնելու վերը նշված ժամկետը բաց է թողնվել, ոստիկանությունը, հնարավոր հավաքներով պայմանավորված՝ ուժերի և միջոցների բաշխում չի իրականացրել:

Օրենքով սահմանված միջոցներով հավաքների հնարավոր սահմանափակումնները բացառելու նկատառումներով, ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին, հասարակական միավորումներին ու շարժումներին հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրենց սահմանադրական իրավունքն իրացնել բացառապես օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

«Վստահ ենք, որ ոստիկանության կոչը՝ ուղղված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովմանը, պատշաճ արձագանք կգտնի մեր հանրության կողմից», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-